Հայաստանի Ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանը հայտարարել է գերիների և անհետ կորածների հարցով առաջիկայում Ադրբեջանի հետ նախատեսվող հանդիպման մասին։
«Թվեր չհնչեցնեմ (անհետ կորածներ և գերիների – խմբ.), բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով։ (Հանդիպման վայրի մասին) կոնկրետ որոշում չունենք»,- ասել է նա։
Աբազյանը չի հստակեցրել սպասվելիք հանդիպման մանրամասները։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2023-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձի և 175 զինծառայողի։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Գերիների թվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։