Կառավարությունը հոկտեմբերի 31-ի նիստում հավանություն տվեց ՀՀ պաշտպանության նախարարության նախագծին, որով առաջարկել էին
աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։
«Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ աշխարհազորի ղեկավարներ էին հանդիսանում մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները։ Նրանք պատասխանատու էին աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման գործընթացն ապահովելու համար։
«Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ, սակայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել»,- հավելել են հիմնավորման մեջ։
2020-ի հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ազգային ժողովը ընդունել էր աշխարհազոր ստեղծելու նախագիծը։ Աշխարհազորը գործելու էր տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած էր լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։