Ազգային ժողովը հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, որով նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու։
Նախագծի ընդունումից հետո համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:
Նախագծի հեղինակները ՔՊ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Քոչարյանն են, որոնք առաջարկել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինվորական ծառայության կանցնեն՝ ոչ ավելի, քան փոխգնդապետի կոչումով զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով:
Խաչատրյանի խոսքով՝ զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու դեպքում գործող օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է։ Նա նշել է, որ բացառություն են զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու, ինչպես նաև վարժական հավաքի կանչելու դեպքերը։
ԱԺ-ում նախագծի քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ նոր կարգավորումները կնպաստեն զորամասերում միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրմանը։ Օրենսդրական փաթեթին հավանություն են տվել նաև ընդդիմադիր պատգամավորները։
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Խաչատրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին առաջարկել է օրենսդրական փոփոխություններ մշակել, ինչը հնարավորություն կտա թոշակառու սպաներին ծառայության անցնել զորամասերում, թոշակի հետ նաև աշխատավարձ ստանալ։ Թերթը հայտնել էր, որ, ըստ պատգամավորի, փոփոխությունը կօգնի նվազեցնել բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։