ՀՀ քննչական կոմիտեն զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել, տեղեկացրել են ՔԿ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով):
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական»,- նշել են ՔԿ-ից՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Գրիգորյանի մահվան մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր նոյեմբերի 13-ին։
Shamshyan.com-ը գրել էր, որ 19-ամյա զինծառայողն Արարատի մարզի Աբովյան գյուղից էր։
Ազգային ժողովը հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծ, որով նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու։ Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ նախագծով իշխանությունները փորձում են նվազեցնել բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը։
Հոկտեմբերի 13-ին հայտնաբերվել էր զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով դատարանը կալանավորել էր դասակի հրամանատար սպային և նրա համածառայակցին։ Հոկտեմբերի 6-ին մահացած էին հայտնաբերել զինծառայող Վահե Հարությունյանին, որին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով դատարանն ավելի ուշ կանալավորել էր հերթափոխի պետին։
2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող էր մահացել։ Կառավարության տվյալներով՝ մարտական պայմաններում զոհվել էր 19 զինծառայող: Դատախազության տարեկան զեկույցի համաձայն՝ 2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 2022-ի համեմատ 69%-ով (22 դեպքով) ավելացել էին։