Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին, հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։
Զորավարժություններին մասնակցում են նաև զինվորականներ Հունաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Հորդանանից և Ավստրիայից։
Զորավարժությունների ընթացքում մասնակիցները կիրականացնեն պաշտպանական և հարձակողական գործողությունների տակտիկական սցենարներ, այդ թվում՝ ուղիղ կրակ՝ օպերատիվ պատրաստության, մարտունակության, փոխըմբռնման, փորձի փոխանակման և մասնակից ուժերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման նպատակով, գրում է Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները տեղի են ունենում նոյեմբերի 11-ից 22-ը Պետրոխորի XXV զրահատանկային բրիգադի շտաբում:
Հայաստանի խորհրդարանը հունիսի 12-ին վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման մասին համաձայնագիրը։ Այն ստորագրվել էր Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Նիկոս Դենդիասի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում։ Դենդիասը մարտին հայտարարել էր Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև պաշտպանական քառակողմ համագործակցության մասին։