Հայաստանը մտադիր է Հնդկաստանից 78 միավոր հնդկական ATAGS (Advanced Toved Artillery Gun Sistem) տեսակի հրետանային համակարգ գնել, հայտնում է Indian Defence Research Wing-ը։
Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Kalyani Strategic Systems Limited (KSL), Bharat Forge պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակվող հրետանային կայանքների (ATAGS) գնման շուրջ:
Պարբերականը նշում է, որ վեց հաուբիցներից բաղկացած առաջին խմբաքանակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։
«Փորձարկումները հաստատել են համակարգի ճշգրտությունը մեծ հեռավորությունների վրա, ինչի արդյունքում Հայաստանի իշխանությունները դիտարկել են ավելի մասշտաբային ծավալներով գնումների հնարավորությունը»,- գրում է IDRW-ը
Հայկական բանակը, ըստ պարբերականի, աննշան թարմացումներ է առաջարկելու հրետանային համակարգի հետագա ադապտացման համար։
«ATAGS-ի 78 լրացուցիչ միավոր ձեռք բերելու հեռանկարային գործարքը Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող պաշտպանական համագործակցության ևս մեկ հանգրվան է»,- ասվում է հրապարակման մեջ:
ATAGS հրետանային համակարգը հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) և մասնավոր ընկերությունների համատեղ մշակումն է:
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջ Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանին և Ֆրանսիային Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից: