Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի սենատորների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք ներկայացուցիչների հետ:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները։ Նա նշել է, որ Սենատի շարունակական աջակցության շնորհիվ կարողացան հասնել Երևանի և Փարիզի միջև նման մակարդակի (պաշտպանական փոխգործակցության խմբ.)։
Պերրինը, իր հերթին, վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա: Նա Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ քննարկվել էր Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել էր պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։