ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Նրանք հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա:
Ըստ հաղորդագրության՝ Պապիկյանը կարևորել է ինչպես Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները:
Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա: Նա Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ քննարկվել էր Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Պապիկյանը ֆրանսիացի սենատորների հետ քննարկել էր պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել էր պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։
Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Պաշտպանության նախարարությունը համագործակցության պայմանագիր էր կնքել նաև ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության հետ։
Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել էր ՀՀ ՊՆ նախարարի հետ «CAESAR» թնդանոթների մատակարարման պայմանագիր ստորագրելու մասին: Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Փարիզին մեղադրել էր Հարավային Կովկասում իրավիճակը սրելու փորձի մեջ։
2023թ․ հոկտեմբերին Լըկորնյուն և Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել էին նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։