ՀՀ ՊՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Ըստ հաղորդագրության՝ ոլորտի պատասխանատուներն ու առանձին ընկերությունների տնօրենները խոսել են կատարված աշխատանքների, գրանցած արդյունքների և հաջորդ տարվա անելիքների մասին:
Պապիկյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների ապահովման գործընթացում՝ վստահեցնելով, որ կառավարությունն ամեն կերպ նպաստելու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։
Հայրապետյանը նոյեմբերի 13-ին ԱԺ-ում հայտնել էր, որ 2024թ․ ռազմարդյունաբերության ոլորտում նախորդ տարվա համեմատ նվազագույնը 200 մլն դրամ ավելի է ծախսվել։ Ըստ նրա՝ ոլորտում խրախուսվելու է նորարարությունը։
Հոկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Հայաստանն ունի սեփական արտադրության հինգերորդ սերնդի զենք։ Պատգամավորի խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը ՀՀ-ում «սրընթաց դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը»։