Զինծառայությունից տարկետում վերցնելու կամ ծառայությունից ազատվելու կարգը խստացնելու որոշման նախագծով, կարծեք թե, առաջին հայացքից իշխանությունները փորձում են համալրել բանակը, բայց, մյուս կողմից, բանակից խուսափելու սողանցքները չեն վերանում, Armenia Today-ին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից դեկտեմբերի 19-ին հավանության արժանացած նախագծին, որով խստացնում են զինծառայությունից տարկետում վերցնելու կամ ազատվելու կարգը։
Կառավարությունը հավանություն էր տվել զորակոչիկի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը նվազեցնելու նախագծին։ Հավանության արժանացած նախագծով հիվանդության պատճառով տարկետում վերցրած զինակոչիկը տարկետման ժամկետի ավարտից հետո առողջական վիճակի վատթարացում չունենալու, բժշկի ցուցման դեպքում կարող է ծառայության անցնել։
Ռազմական փորձագետը հիմնավոր չի համարում իշխանության այն դիտարկումը, թե նախագծով կվերանան զինծառայությունից ազատվելու սողանցքները։
«Նախագիծը կապ չունի հայկական իրականության հետ։ Ինչո՞ւ։ Մի կողմից փորձում են համալրել բանակը՝ ժամկետային զինծառայողների թվաքանակն են մեծացնում, բայց նման փոփոխություններով հնարավոր չէ ավելացնել նրանց թիվը։ Մյուս կողմից՝ ծառայությունից խուսափելու սողանցքներն ամենևին չեն վերանում։ Աղանդավորական կազմակերպությունների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կկարողանան խուսափել ծառայությունից, բացի այդ, որոշ երիտասարդներ, «ուսման ծարավի» պատրվակով, կկարողանան սողանցքներով գնալ արտերկիր, ուսում ստանալ, վերադառնալ ու չաշխատել մասնագիտությամբ»,- ընդգծել է փորձագետը։
Նահապետյանի խոսքով՝ իշխանությունն, իրականում, բանակը համալրելու խնդիր չի դրել։
«Իշխանությունը ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն 1 դարձնելու քննարկումներ է օրակարգ բերել։ Մի կողմից թվում է, որ ժամկետային զինծառայողների թվի կտրուկ կրճատման հետևանքով բանակը չի համալրվում, բայց մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որ այն իսկապես չհամալրվի»,- նշել է նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այդ մթնոլորտին է նպաստում բանակում ինքնասպանությունների, սպանությունների թվի աճին, ինչը կանխարգելելու համար իրավաապահների ու պատկան մարմինների կողմից կանխարգելիչ քայլեր չեն իրականացվում։
Փորձագետը կարծում է, որ բանակը որպես կարևորագույն ինստիտուտ զարգացնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։
«Իշխանությունների քայլերը չեն հետապնդում այնպիսի բանակ ստեղծելու նպատակ, որը կկարողանա արդյունավետ կերպով դիմագրավել Ադրբեջանի ագրեսիային։ Հայաստանում փոքրաթիվ զորագունդ կամ զորաբանակ ստեղծելու խնդիր են դրել, որով ուզում են ՆԱՏՕ-ի ստանդարտներով և Պենտագոնի նմանությամբ սերժանտների ինստիտուտ ներդնել, ինչն արտացոլված է «Հայկական բանակի կերպափոխման հայեցակարգում»։ Ադ ստորաբաժանմանը ՆԱՏՕ-ի զորակազմում ինչ-ինչ խնդիրներ լուծելուն են նախապատրաստում, այդ թվում՝ օգտագործելու հարևան Իրանի, ռազմավարական գործընկեր ՌԴ-ի դեմ»,- հավելել է փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ թշնամուն արդյունավետ կերպով դիմագրավելու կարողություն ունեցող բանակի ստեղծման հիմքում կարևոր են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավումը, մոտիվացիան, մասնագիտական ունակությունները, սպառազինությունը։ Եթե իշխանությունների նպատակի հիմքում թվարկված բաղադրիչները լինեին, ըստ փորձագետի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր հրաժարվի ԱՊՀ երկրների, ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժություններից։
Փորձագետի խոսքով՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներով բանակը համալրելը խիստ բացասական ազդեցություն կունենա բանակի մարտունակության վրա։ Անդրադառնալով հայտարարություններին, թե հաշմանդամություն ունեցողները ևս կարող են ծառայել բանակում, փորձագետը բերել է Ուկրաինայի օրինակը։
«Առողջական խնդիրների դեպքում ուզում են զորակոչել բանակ, որով բանակի մարտունակությունը ոչ թե բարձրանում, այլ ընկնում է։ Վառ օրինակ են զորահավաքներն Ուկրաինայում, որտեղ առողջական խնդիրներ ունեցողներին ծառայության են տանում։ Նրանցից ռազմական գործողությունների ժամանակ ունակություններ ցուցադրելու հնարավորություն ունեցող զինվոր ստանալը զրոյական է»,- նկատել է փորձագետը։
Նահապետյանն ասում է՝ կհավատար, որ իշխանությունները նման նախագծերով տոտալ մոբիլիզացիայի խնդիր են լուծում, եթե առաջինը դիտարկեին կառավարության անդամների, նրանց զավակների ծառայությանն առնչվող հարցերը։
«Փաշինյանի հայտարարությունները տոտալ մոբիլիզացիայի իմաստով են։ Իրենք անընդհատ հայտարարում են, որ իգական սեռի ներկայացուցիչները ևս պետք է ծառայեն, ինչը տոտալ մոբիլիզացիայի համատեքստում է։ Բայց եթե նպատակն իսկապես տոտալ մոբիլիզացիան է, թող սկսեն կառավարությունից, կառավարության անդամների ընտանիքներից, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներից ու իրենց զավակներից։ Թող սկսեն իրենցից ու հասկանան՝ ինչպե՞ս են ազատվել ծառայությունից, կոռուպցիոն ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ։ Այդ ժամանակ գուցե ժողովուրդը հավատա, որ Փաշինյանը տոտալ մոբիլիզացիա է իրականացնում երկիրը պաշտպանելու համար»,- եզրափակել է փորձագետը։