Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ոստիկանությունում ստիպել են կեղծ ցուցմունք տալ, հայտնում է ընդդիմադիր խմբակցությունը՝ հղում անելով ավագանու անդամին:
Հայտարարության մեջ ընդգծում են, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից իր հեռանալու մասին:
«Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար: Ոստիկանությունում իրեն ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ այլապես սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել»,- նշվում է հայտարարության մեջ:
Այսօր քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Հայրապետյանը ոստիկանությունում հայտարարել է, որ իրեն չեն առևանգել: Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից Հայրապետյանին առաջարկվել է նրա նկատմամբ ձեռնարկել սահմանված կարգով հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը, ինչից վերջինս հրաժարվել է:
ՔԿ մամուլի խոսնակը հունվարի 22-ին Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին մի խումբ անձանց կողմից առևանգելու հոդվածով Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել:
«Մայր Հայաստան» դաշինքը հունվարի 23-ին հայտարարություն էր տարածել Հայրապետյանի (Նարե Սոսե) հետ կատարված միջադեպի ու նրա՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ՝ հայտնելով, որ ոստիկանությունում Նարինե Հայրապետյանի դեմ ճնշումներ են բանեցրել՝ ստիպելով հրաժարվել ցուցմունքից։