Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքում են, այսինքն՝ հայկական տարածք ներխուժած վայրերից են, հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում, ըստ Թաթոյան հիմնադրամի հավաքած տվյալների, ադրբեջանական դիրքերը գտնվում են Ներքին Հանդ գյուղի բնակիչների տների, դպրոցի և գերեզմանատան մոտ։
«Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս՝ այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է»,- գրել է Թաթոյանը։
Նա հավելել է, որ ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը ՀՀ իշխանությունների քաղաքականության հետևանքն է, որով Բաքվին թույլ են տվել նման քայլեր:
«Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր (դա շարունակում նաև հիմա) ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում»,- գրել է Թաթոյանը։
Թաթոյանի կարծիքով՝ Ադրբեջանն օգտվում էր իրեն նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը, ընդգծել է նախկին ՄԻՊ-ը:
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հերքել էր նաև հակառակորդի հայտարարությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ն կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: