«Հրազդան ցեմենտ»-ի ավելի քան 450 աշխատակից 4 ամիս է՝ աշխատավարձ չի ստացել, ինչը բողոքի առիթ է դարձել, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ աշխատակիցներին ընկերությունից հստակ պատասխան չեն տալիս, թե երբ են վճարելու աշխատավարձերը։
«Չորս ամիս շարունակ փոշու մեջ մեր առողջության հաշվին աշխատել ենք: Շատ բան չենք ուզում, թող մեր աշխատանքի դիմաց ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը, որոնք սկսվում են 80 հազար դրամից՝ մինչև 100-120 հազար դրամ: 3 ամսից ավելի է՝ տնօրինությունը ռսի «զավտռա»-ն է անում՝ «էսօր կտամ, վաղը կտամ»,- ասել է աշխատակիցներից մեկը։
Նրանք չեն բացառել, որ կարող են ճանապարհ փակել, բայց նշել են, որ այս պահին ծայրահեղ քայլերի չեն ցանկանում դիմել։
«Խնդրում ու պահանջում ենք, որպեսզի ղեկավարությունն աշխատավարձները վճարի»,- ասել են աշխատակիցները։
Կայքի տեղեկություններով՝ հունիսի 24-ին գործարանի դահլիճում 70-ից ավելի աշխատակցիներ հանդիպում են անցկացնում սեփականատիրոջ՝ Կոլյա Խաչատուրովի հետ: