Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում՝ վերակառուցվող, կառուցվող դպրոցների և մանկապարտեզների վերաբացման ժամկետերի վերաբերյալ քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց կառավարության անդամների, մասնավորապես, մարզպետների աշխատանքից։
Երբ Փաշինյանը ներկայացնում էր դպրոցների ու մանկապարտեզների ցանկը, նա հետաքրքրվեց Արմավիրի մարզի Այգևան համայնքում մոդուլային տիպի մսուր մանկապարտեզից, որը, նրա խոսքով, պետք է բացվեր հոկտեմբերին։ ՏԿԵ նորանշանակ նախարար, Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը պարզաբանեց, որ մանկապարտեզը բացելու աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ հոկտեմբերին այն չի բացվել գազի միացման հետ կապված խնդիրների պատճառով։
Փաշինյանն, ի պատասխան, նախկին մարզպետին ու կառավարության անդամներին մեղադրեց իրեն սխալ ժամկետներ զեկուցելու մեջ։
«Որ գալիս ենք մարզ՝ այցի, գոնե մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է։ Տեսախցիկների առաջ հարցրել եմ՝ մանկապարտեզը ե՞րբ է բացվում, ասել եք հոկտեմբերին, ես էլ գրել եմ հոկտեմբեր։ Հիմա մարդիկ, այդ գյուղի ժողովուրդը, տեսել են, չէ՞, այդ տեսանյութը։ Ես զգուշացնում եմ․ սրանից հետո ժամկետ խախտվեց, կոնկրետ անձնական պատասխանատվության հարցն է առաջ գալու։ Որևէ մեկն ինձ չստուգված կամ չվերաստուգված ժամկետ թող չասի։ Որքա՞ն կարելի է։ Այդ գյուղի ժողովուրդը կարո՞ղ է ասել՝ վարչապետը սուտ ասեց, իհարկե, կարող է»,- ասաց Փաշինյանը։
Հարցի քննարկման ընթացքում նա բոլոր մարզպետներին հարցրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման գործընթացից ու խնդրեց զեկուցել իրեն արված աշխատանքների մասին։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։ Դժգոհությանը պաշտոնանկություններ էին հաջորդել։
Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։
Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։