Աբխազացի պատգամավորը խորհրդարանում հրաձգություն է կազմակերպել և վիրավորել երկու գործընկերոջ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Աբխազիայի ՆԳՆ-ին:
«Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով երկու պատգամավոր է տուժել։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։ Մի քանի կրակոց է արձակել Խարազիան, վիրավորել Կվարչիային և Գոլանձիային, ինչի հետևանքով վերջինս մահացել է»,- հայտարարել են ՆԳՆ-ում։
Նշվում է, որ Գոլանձիան վիրավորում է ստացել գլխի շրջանում, Կվարչիայի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսից։
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ Խարազիան դեպքի վայրից փախուստի է դիմել: Նրա գտնվելու վայրն այժմ պարզվում է։