Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։
Այս մասին հայտնել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,- գրել է Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության մարտի 11-ի նիստում փակ քննարկմամբ ընդունվել էր մի շարք օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հնարավոր է՝ զրկվի անհրաժեշտ ֆինանսավորումից։ Նախագծով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Օրենքի նշված կետով արմագրված է, որ «յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։
Ավելի ուշ ՄԻՊ Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է դիմել ՍԴ, եթե ԱԺ-ն ընդունի համապատասխան նախագիծը։