Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խորապես արմատավորված վիրավորանքները։
Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ, որում պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ, այդ թվում՝ զոհված կամ մահացող հայ զինվորների մոմե մանեկեններ։
«Այդպիսի պատկերները ես համարում եմ խիստ տագնապալի և նվաստացուցիչ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ նման ցուցադրությունը կարող է էլ ավելի ուժեղացնել տևական թշնամական տրամադրությունները և ատելության խոսքը, բազմապատկել և խրախոսել անհանդուրժողականության դրսևորումները։
Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան այն պայմանով, որ իր մանդատին համապատասխան հասանելիություն պետք է ունենա մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերին՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։