««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները և աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում եւ ԱԱԾ-ում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում աշխատանքից ազատման դիմում է գրելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Հավելենք, որ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո հենց Գալստյանն էր փոխարինում նրան, որին ամեն կերպ փորձեցին մոտիվացնել, բարեկեցություն խոստանալ, սակայն նա էլ առաջիկայում կգնա: Գրեթե բոլոր պաշտոնյաների դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է ու հայտարարությունները՝ սահմանային խնդիրների ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ»,-գրում է թերթը։
«Հրապարակ» թերթը գրել է․«ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պայթյունավտանգ է, և չի բացառել էսկալացիան։ Սրանով է բացատրել իր «փոխշահավետ» առաջարկն Ադրբեջանին՝ երկուստեք զորքը հետ քաշելու և ՀՀ պետական սահմանին դիտորդներ տեղակայելու մասին։
Չի ասել՝ համաձա՞յն է Ադրբեջանն այդ առաջարկի հետ, քննարկվե՞լ է այն ռազմավարական դաշնակցի հետ։ Ներկաներն անակնկալի են եկել՝ ժամեր անց տեղեկանալով արտգործնախարարի հրաժարականի մասին, քանի որ նիստի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, թե այս առաջարկի հետ կապված հանձնարարական է տվել նախարարին, և Այվազյանը գլխով համաձայնության նշան է արել։ Նրանք ենթադրում են, որ դրանից հետո նոր զարգացում է եղել, որը նրան դրդել է այդ քայլին»,-գրում է թերթը։
«Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկնել էր սահմանային տարածքներ՝ սատարելու սահման պահող տղաներին, ինչպես նաև տեղում ծանոթանալու առկա վիճակին:
«Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ դրանից հետո Աբրահամյանը անակնկալ նորից մեկնել է Մոսկվա: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը ՌԴ մայրաքաղաքում փորձելու է օգտագործել իր կապերը և սեփական լուման բերել մեր սահմաններին ստեղծված վիճակի առումով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա մերձավոր շրջապատի հետ զրույցներում ասել է, թե ներկայիս իշխանությունները վաղուց են ապացուցել, որ ոչնչի ունակ չեն, ուստի «հնարավոր չէ անպաշտպան մնացած պետությունը նրանց հույսին թողնել»»,-գրում է թերթը։
««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշակի ապահովագրումներ է անում՝ փորձելով հերթական անգամ ջրից չոր դուրս գալ։ Փաստացի, ինչպես Արցախի մեր աղբյուրներն են ասում, Հարությունյանն իրեն «փոխարինողի» փնտրտուքների մեջ է։
Իհարկե, նախընտրական քարոզարշավը դեռևս պաշտոնապես չի սկսվել, և հայաստանյան քաղաքական ուժերը չեն ներկայացրել իրենց ծրագրերը, բայց քաղաքական գործընթացներից քիչ թե շատ հասկացողների համար արդեն իսկ հստակ է, որ ՀՀ-ում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իշխանափոխություն։ Հարությունյանը, հասկանալով, որ ինչ-որ պահի, այնուամենայնիվ, ինքը պետք է հեռանա, փորձում է ներսում այնպիսի մարդ գտնել, ով ընդունելի կլինի այսօրվա ՀՀ ընդդիմության համար, մյուս կողմից՝ իր հեռանալուց հետո հետապնդումների չի ենթարկի։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախում առաջիկայում նոր փոփոխություններ են ուրվագծվում»,-գրում է թերթը։
««Փաստ» թերթը գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին։ Նա կրկին անջատում է պետնախարարի և ֆինանսների նախարարի ֆունկցիաները։ Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական տվեց, այդ պաշտոնում քննարկվում են նախկին ՄԻՊ, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի՝ Գրիշա Սարգսյանի որդու անունները, իսկ ֆինանսների նախարար կնշանակվի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանը։
Ի դեպ, հնարավոր է փոխվի նաև ԱԱԾ տնօրենը՝ նշանակվի վերջերս տնօրենի տեղակալ նշանակված Լյովա Մայիլյանը՝ Մասիս Մայիլյանի եղբայրը»։