«Ահա և վերջ… Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է»,- նշել է Ջուլֆալակյանը։
Նա հայտնել է, որ առայժմ կբավարարվի միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսի մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:
«Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին: Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները: Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց։ Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա:
Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:
Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:
Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով: Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին»,-նշեց Ջուլֆալակյանը։
Ջուլֆալակյանը հանրագումարի է բերել իր նվաճումները.
1․Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո):
2․Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ
3․Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
4․Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
5․Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ
6․Ունիվերսիադայի բրոնզե մեդալ
7․Երիտասարդների աշխարհի չեմպիոն
8․Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ
9․Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն
10․Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ
11․ԵՊՀ Ոսկե մեդալ
12․ՀՀ 2012թ լավագույն մարզիկ
13․Սպորտի վաստակավոր վարպետ
Հ.գ. սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»։