Հոկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ է թողել ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշումը։ Որոշման համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները մեղավոր էին ճանաչվել Բաքվի բանտում հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի սպանության փորձի մեջ: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է իսրայելցի Լապշինին 30 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում վճարել։
«Իհարկե, ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել։ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, դեպքերի գրեթե 99 տոկոսով չի հրաժարվում նախկինում ընդունված որոշումներից։ Իմ, այսպես կոչված, հանցանքն այն էր, որ 2011 թվականին որպես զբոսաշրջիկ այցելեցի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- պատմել է Լապշինը:
Նրա խոսքով՝ մինչ այդ նա եղել է աշխարհի ավելի քան 150 երկրներում, բոլոր մայրցամաքներում ու մտքով անգամ չի անցել, որ իր նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել այդ ուղևորությունից հինգ տարի անց: Բլոգերի կարծիքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել սոցցանցերում արված իր հրապարակումները, որոնք տեսել են հարյուր հազարավոր հետևորդներ։
Նրան մեղադրել են ոչ միայն սահմանն առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու հատելու, այլև «անջատողականությանը սատարելու» և «Ադրբեջանում գործող իշխանություններին տապալելու կոչերի» մեջ:
2016-ին Լապշինին Ադրբեջանի պահանջով Մինսկում ձերբակալել էին։ Երկու ամիս անց, որը նա անցկացրել է տեղի բանտերից մեկում, նրան հանձնել են Բաքվին։ Եվս մեկ տարի անց Բաքվի դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ղարաբաղ «ապօրինի այցելության» համար։ Մեղադրող կողմը նրա համար պահանջել է վեց ու կես տարվա ազատազրկում, սակայն դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Չնայած նրան, որ բլոգերի օգտին հանդես են եկել Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը, նա բանտում անցկացրել է 7 ամիս: Նրան խոշտանգել են, արգելել են օգտվել հեռախոսից, գրել և կարդալ, իսկ միակ գիրքը, որը նրան տվել են, Ղուրանն էր, թեև Լապշինը հրեա է։
«7 ամիս անց ինձ վրա հարձակում է տեղի ունեցել։ Ինձ փորձել են սպանել, թեև ավելի ուշ իշխանությունները փորձեցին միջադեպը ներկայացնել որպես ինքնասպանության փորձ»,- ասել է Լապշինը։
Լապշինը 4 օր անցկացրել է կոմայում, որից հետո նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել և չարտերային չվերթով ուղարկել Թել Ավիվ: Հայրենիքում իրականացված փորձաքննությունը հաստատել է բլոգերի սպանության փորձի փաստը։ 2018 թվականին Լապշինը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանին մեղադրելով ապօրինի ազատազրկման, բանտում դաժան վերաբերմունքի և սպանության փորձի մեջ։ Երեք տարի անց ՄԻԵԴ-ն ադրբեջանական իշխանություններին մեղավոր է ճանաչել և պարտադրել է նրանց բլոգերին դրամական փոխհատուցում վճարել։