Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացման իր ուղերձում կարևորել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը, նրա խոսքով, խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն, ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ, այդ թվում՝ Լենինգրադի և Օրենբուրգի, Յարոսլավլի և Օմսկի, Ուլյանովսկի և Արխանգելսկի, Ռոստովի և Վոլոգդայի մարզերը: Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է, նշել է վարչապետը:
«Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:
2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ:
Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում: Վերջերս կատարված ներդրումներից հարկ է մասնավորապես առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարևոր Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը»,- գել է Փաշինյանը:
Նա նշել է, որ մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում:
«Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին: Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը:
Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունը իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին և մենք շահագրգռված ենք ամրապնդել այդ կառույցը և կատարելագործել նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաև մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը»,- գրել է Փաշինյանը: