2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ։ Չնայած այն բանի, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականին արված բոլոր կանխատեսումները։ Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի։ Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ԱԺ հանաձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի սեպտեմբերին սահմանվել է գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ։ Հայաստնում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել, նախորդ ամենաբարձր թիվը եղել է 2020 թվականի սեպտեմբերին՝ 631 966 աշխատատեղ։ Այս տարվա ցուցանիշը նախորդից բարձր է 3 տոկոսով, հայտնեց վարչապետը։ Խոսելով գնաճի մասին՝ Փաշինյանն ասաց․
«Ընթացիկ տարվա բավական բարձր՝ 6,4 տոկոս գնաճի ֆոնին կարևոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի թիվը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 5,3 տոկոսով կամ 19 308 000 000 դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը 11,9 տոկոսով կամ 23 782 դրամով»։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն շարժվում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, սակայն դա արվելու է սահուն ու մտածված քայլերով՝ հետզհետե բարձրացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ՀՀ սպայական դոկտրինը։
«Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն, և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,- ասաց Փաշինյանը։
Կարևոր առաջնահերթություն է Սոթք-Խոզնավար հատվածից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը․ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար։
Խոսելով երկրի պաշտպանական ռազմավարության մասին՝ վարչապետն ասաց, որ այն կիրառվելու է բացառապես պաշտպանական նպատակներով, քանի որ մեր երկիրը տարածքներ նվաճելու նպատակներ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։