Նոյեմբերի 16-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Հայտարարությունից րոպեներ առաջ «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, որ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։ Թերթի տեղեկություններով՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել էին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: