Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր Facebook-յան էջում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին ու հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշման մասին։
«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ են դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ։