Վերջապես համավարակի ճգնաժամի որոշակի թուլացումով պայմանավորված Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոսության և Լիտվայի ազգային գրադարանի կողմից պաշտոնապես ներկայացվեց լիտվերեն վերահրատարակված Սբ․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» բացառիկ աուդիո գիրքը։ Այս մասին տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Հպարտ եմ, որ նման արժեքավոր, մնայուն և շատ առումներով օրինակելի գործ ենք թողել։ Շնորհակալ եմ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասին, Լիտվայում Վատիկանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Պետար Ռայիչին, Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանին, Լիտվայում հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին, որոնք աջակցեցին մեզ այս աշխատանքը կյանքի կոչելու համար և հիմա էլ ջանք չեն խնայում այն պատշաճ ձեւով ներկայացնելու համար»,- նշել է դեսպանը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև Լիտվայի ազգային գրադարանի տնօրեն և տպավորիչ համարել աուդիո գրքի ընթերցանությամբ միջոցառման անցկացումը։