Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ։ Նախագիծն իր մեջ ներառում է 20 բնակելի տուն և 1200 քառակուսի մետր մակերեսով հողամասեր: Կառավարությունն անցյալ տարի առաջնահերթության կարգով սկսել է Շուռնուխի 13 ընտանիքների համար բնակարանների կառուցումը, որոնց տները նախորդ տարի անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նախագծի արժեքը 1 մլրդ 200 մլն դրամ է։
Ինչպես Առաջին ալիքի հետ զրույցում հաղորդել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, անցյալ տարի կառավարությունը նախագծի իրականացման համար հատկացրել է 390 մլն դրամ, 420 մլն-ը հատկացվել է արդեն այս տարի: Նա նշել է, որ ձմռան ավարտին շինարարական աշխատանքներն ակտիվացել են։ 13 տներից չորսն արդեն տանիքներ ունեն, այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Եվս չորս տների շինարարությունը մոտենում է ավարտին, երեք տուն գտնվում է շինարարության փուլում։
Կոմիտեի ղեկավարը նշել է, որ գյուղացիների կողմից վերաբնակվելու ցանկության դեպքում նախագիծը կարող է ընդլայնվել։ Արմեն Ղուլարյանը նշել է, որ նախագիծը ներառում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ներառյալ դպրոց, ջրամատակարարման համակարգը, արտաքին լուսավորություն և այլն։