Ռուբլու արժեզրկման և արտահանողների կողմից պահանջարկի ֆոնին ռուսական ներքին շուկայում ցորենի գները շարունակում են աճել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։ Աղբյուրը նշում է, որ անցած շաբաթ գնանշումները միջին հաշվով ավելացել են 525-550 ռուբլով՝ մեկ տոննայի համար հասնելով մինչև 16,15 հազար ռուբլու։ Վերլուծաբանները գների հետագա բարձրացումը ևս չեն բացառում։ Մինչդեռ հացահատիկի արտահանողները իրացվելիության բարդությունների են բախվում։
Գնանշումներն աճում են ռուբլու անկումից հետո և արտահանողների կողմից ցորեն գնելու բարձր պահանջարկի ֆոնին։ Շաբաթվա ընթացքում խորջրյա նավահանգիստներում ցորենի միջին արժեքը մեկ տոննայի համար հասել Է ռեկորդային 18,5–19 հազար ռուբլու։ Շաբաթվա ընթացքում որոշ առևտրականներ բարձրացրել են գները՝ հասցնելով մինչև 20 հազար ռուբլու՝ մեկ տոննայի համար։ Մարտի 21-ին խորջրյա նավահանգիստների համար հացահատիկ արտահանողների միության գնման գների ինդեքսը գտնվում է մեկ տոննայի համար 19 հազար ռուբլու մակարդակում, ինչը 2,11 տոկոսով ավելի է մարտի 18-ի ցուցանիշից։
Նշենք, որ Ռուսաստանում ցորենի գների աճը միանշանակ կազդի նաև Հայաստանում ցորենի ներկրման գների վրա։ ՀՀ-ն այն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից։ 2021 թվականին ներկրվել է 275 հազար տոննա ցորեն։ Հայաստանում արտադրվում է մոտ 100 հազար տոննա ցորեն։ Հայաստանում ցորենի ցանքատարածությունները կազմում են մոտ 60 հազար հեկտար։