Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Ես գիտեմ, որ դուք շատ մեծ ծրագիր ունեք՝ հանդիպումներ կառավարության ղեկավարության, Դաշնային ժողովի հետ, հետո այց Նիժնի Նովգորոդ։ Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։
«Նախորդ տարիների ընթացքում մեր իրավական հարաբերությունների հիմքում 200 փաստաթուղթ է ստորագրվել, և դա լավ հնարավորություն է ստեղծում աշխատել գրեթե բոլոր ուղղություններով։ Առաջատարներից մեկը, իհարկե, տնտեսությունն է։ Մեր վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8 տոկոս աճ։ Իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ ևս 50 տոկոս։ Դա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ներկա ժամանակներում»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նշել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն նաև անվտանգության հարցերը, այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ։
«Ղարաբաղի հարցով շատ խնդիրներ են մնացել, համաձայն եմ Ձեզ հետ։ Մենք միշտ կապի մեջ ենք Ձեզ հետ: Չգիտեմ, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր տասը օրը մեկ հեռախոսազրույց ենք ունենում, չնայած համաճարակային ժամանակահատվածին՝ նաև կանոնավոր հանդիպումներ։ Բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինի նաև իրավիճակը Ղարաբաղում։ Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Բարի գալուստ»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ՌԴ-ում է։ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպումներ կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ։