Ժամանակ առ ժամանակ ծագում է հարց, թե ինչպես է կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 5-ի նիստում։
Նա նշեց, որ տարօրինակ է համարում այն, որ սա ոմանք համարում են մութ կասկածելի գործարք։ Նրա խոսքով՝ եթե այդ բաժնեմասը ձեռք բերեր որևէ պաշտոնյա օֆշորներում, ապա՝ ոչինչ, սակայն եթե դա պետությունն է անում, ապա հարցեր են առաջանում։
Վարչապետի խոսքով՝ ամեն ինչ շատ պարզ է։ Գործարանի բաժնետերը նվիրաբերություն է արել պետությանը, իսկ կառավարությունը սիրով ընդունել է այդ նվիրաբերությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ Ըստ որոշման` հավատարմագրային կառավարման դիմաց ԱՆԻՖ-ը վարձատրություն չի ստանալու։ Կառավարությունը փոխհատուցելու է միայն հավատարմագրային կառավարման ընթացքում կատարած ծախսերը։ 2021թ-ի դեկտեմբերի 3-ին ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել էր, որ ֆոնդը պատրաստ է ստանձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը, եթե ՀՀ կառավարությունը նման որոշում կայացնի: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Եվ քանի որ «Արդյունաբերական ընկերությանը» պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Մանրամասները՝ տեսանյութում։