Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Դուշանբեում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռակողմ հանդիպում կանցկացնեն։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, արդեն ավարտվել է Լավրով-Բայրամով երկկողմ հանդիպումը։
«Այսօր այստեղ մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնել մեր հայ գործընկերոջ հետ, տեսնել, թե ինչպես են կատարվում երեք եռակողմ հայտարարությունները, որոնք ընդունվել են մեր նախագահների կողմից վերջին մեկուկես տարում»,-ասել Է Լավրովը Բայրամովի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:
Լավրովը նշել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակական նոր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակի են հասել:
Այսօր ՀՀ ԱԳՆ-ը հայտնել էր, որ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։