2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝
ընտանեկան նպաստ,
սոցիալական նպաստ,
ծերության նպաստ,
հաշմանդամության նպաստ,
կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
պատվովճար,
պարգևավճար։
Վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:
Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով: