Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:
Վարչապետը և նախագահը Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ հեռուստաընկերության մի խումբ նվիրյալների հանձնել են պարգևներ:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Նարա Շլեպչյանին և հեռուստաընկերության պրոդյուսեր Էլմիրա Արսենյանին: Վերջինիս պարգևը հանձնվել է նրա գործընկեր Արտավազդ Եղոյանին, քանի որ տիկին Արսենյանը գտնվում է արտերկրում:
Վարչապետի շնորհակալագրի են արժանացել Հանրային հեռուստաընկերության Թվային արխիվի ավագ թվային արխիվավար Ալվարդ Լազարյանը, Մոնտաժի բաժնի պետ Արսեն Նազարյանը, Լրատվական ծառայության Արտադրական գործընթացների ապահովման բաժնի մոնտաժող Սմբատ Սարգսյանը և Հեռուստաֆոնդի վերականգնման լաբորատորիայի ղեկավար Անիչկա Հունանյանը:
Պարգևատրման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ և նշել. «Ընդհանրապես՝ կարծում եմ, որ հենց տարիքը հուշում է, որ, համենայնդեպս, ներկաներից շատերին Հանրային հետուստատեսությունն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում: Սա է պատճառը, որ մենք Հանրային հեռուստաընկերության նկատմամբ ունենք առանձնակի վերաբերմունք ու առանձնակի զգացմունքներ, որովհետև մեր կյանքի յուրաքանչյուր փուլում մենք մեզ հիշում ենք Հանրային հեռուստատեսության հեռուստադիտողի դերում:
Այսօր ես շատ ուրախ եմ, որ պիտի առիթ ունենանք մեր գնահատանքի տուրքը տալու Հանրային հեռուստատեսության այն աշխատակիցներին, ովքեր այս տարիների ընթացքում առավել կարևոր դերակատարում են ունեցել: Եվ պիտի հույս ունենամ, որ ահա, Հանրային հեռուստատեսությունը պիտի շարունակի Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության ոլորտի, լրագրության ոլորտի, հանրային քննարկումների ոլորտի նշանավոր և նշանակալի դեմքերով հանդես գալ: Այդ դեմքերը նաև պիտի ձևավորվեն Հանրային հեռուստատեսությունում և նրանք պետք է դառնան մեր հանրության հետ խոսելու, երկխոսելու կարևոր մունետիկներ: Եվ թերևս սա է, ընդհանուր առմամբ, Հանրային հեռուստատեսության դերակատարումը»:
Եզրափակելով՝ վարչապետը նաև շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Երևանում տարած հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունն առավել ևս կնշանավորվի Հայաստանի հավաքականի հաջող խաղով:
Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ հեռուստաընկերության բակում տեղադրված մեծ էկրանից հետևել է ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանը, որը հեռարձակվել է Առաջին ալիքով: