Այս պահին ՀՀ կառավարությունը երկու միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին «Ռադիոլուր»-ին ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Առաջին միջպետական գանգատը ներկայացվել է 2021 թվականի փետրվարի 1-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տված կոնվենցիոն խախտումների համար: Մասնավորապես, Կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքներ: Կառավարությունը գանգատին կից ներկայացրել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ:
Միջպետական առաջին պետական գանգատը քննության փուլում է։ 2023 թվականին գանգատի շուրջ հրապարակային լսումներ տեղի կունենան։
Հայաստանը 2-րդ միջպետական գանգատը Ադրբեջանի դեմ ներկայացրել է անցյալ տարվա հունիսին, երբ Բաքվում սկսվեցին ապօրինի դատավարությունները, նաև միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել։ Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է․ «Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը սահմանափակ է, և որպես կանոն կիրառվում է Կոնվենցիայի հոդված 2-ի և հոդված 3-ի (կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքի արգելքի կամ խոշտանգման արգելքի) անմիջական ռիսկը բացառելու կամ դրա վտանգը բացառելու նպատակով, սակայն, հիմնվելով նաև Եվրոպական դատարանի որոշակի նախադեպային իրավունքի վրա, փորձել ենք նաև այս ուղղությամբ տանել դատը։ Հաշվի առնելով ակնհայտ ապօրինի դատավարությունների բնույթը՝ խնդրեցինք Եվրոպական դատարանին կիրառել միջանկյալ միջոց՝ փորձելով երաշխավորել 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները՝ հնարավորություն տալով կամ կասեցնել դատավարությունները, կամ հնարավորություն տալ մեզ՝ որպես այդ անձանց ներկայացուցիչների, որոշակի հաղորդակցություն այդ անձանց հետ։ Դատարանը այս դիմումը չի բավարարել, սակայն, Հայաստանը հավաքագրելով ապացույցները՝ նորից է ներկայացրել»։
Փառուխի դեպքերին վերաբերող փաստերով Հայաստանը լրացրել է ՄԻԵԴ ու ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատները
Գարնանը ադրբեջանցիները բարձրախոսներով ահաբեկում էին Փառուխի ու Քարագլխի բնակիչներին։ Զուգահեռաբար Արցախում տեղի էին ունենում նաև մարդու իրավունքների խախտման այլ դեպքեր՝ գազանջատումներ, բնակչության նկատմամբ կիրառված ահաբեկման միջոցներ (բարձրախոսներով անընդհատ սպառնալիքներով մեսիջներ էին տարածում), որոնք ակնհայտ միտված են հայաթափելուն և էթնիկ զտում իրականացնելուն։ Եղիշե Կիրակոսյանն ասում է, որ դրանք առաջին հերթին Արդարադատության միջազգային դատարանի կողմից դեկտեմբերի 7-ին կիրառված պայմանական միջոցի որոշման խախտումներ են։ Բացի դրանից՝ առաջացնում են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ուղղակի իրավունքի խախտումներ։ «Այդ մասով մենք միջանկյալ միջոցի պահանջ ենք ներկայացրել Եվրոպական դատարան, նամակ ենք ուղարկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ նկարագրելով խախտումների հանգամանքները և դատարանից պահանջել որոշակի գործողություններ կիրառել այս ուղղությամբ։ Ցավոք այս ուղղությամբ նոր զարգացումներ չունենք։ Արդարադատության միջազգային դատարանից նաև խնդրել էինք, որ քայլեր ձեռնարկի իր վերջին բարեփոխված կանոնների համաձայն՝ ձևավորի երեք դատավորից կազմված կոմիտե, որը մոնիթորինգ կսկսի իրականցնել 2021թ ընդունման որոշման նկատմամբ։ Դեռ նորություն չկա»։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը վստահեցնում է, որ անընդհատ ու հետևողական աշխատանք է տարվում՝ նամակագրության միջոցով պատասխանելով նաև Ադրբեջանի հակափաստարկներին կամ փորձելով դատարանին ավելի փաստարկված ներկայացնել հայկական կողմի մոտեցումները։ Նույն գործընթացը նաև Եվրոպական դատարանում է։ Հայկական կողմը միջանկյալ միջոցի որոշման պահանջ ունի, ապացույցների որոշակի մասը մարտի 24ին ներկայացվել է, մեկ շաբաթ անց նոր փաստարկներ են ներկայացվել։ Մեր դիմումն ու դատարանի որոշումը համընկան այն պահի հետ, երբ գազանջատումները վերականգվեցին, դատարանը չկիրառեց որևէ միջոց, իր որոշման մեջ նշեց, որ գազի մատակարարումը վերականգնվել է՝ ասում է Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը՝ 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների մասին
ՀՀ անվիճելի սուվերեն տարածքում ադրբեջանական ուժերի առկայությունը բնականաբար ոչ միայն խախտում է ՀՀ տարածքային ամբողջականության իրավունքը, այլև խախտում է հարակից բնակավայրերի անձանց իրավունքները։ Շատ դեպքերում անձինք հանգամանքների բերումով կամ պատճառով հնարավորություն չեն ունենում լիարժեք օգտագործել իրենց սեփականությունը, նաև՝ արոտավայրերը կամ խոտհարքները, կամ մշակել հողերը։ Այս խախտումներն ապացուցելու ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկվում են՝ ասում է Եղիշե Կիրակոսյանը։