Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
Վարչապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց հիշարժան այս օրվա առթիվ: «Կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային ռեյտինգի առաջին 200 հորիզոնականում: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը, բնականաբար, այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ մենք չենք դադարում կրկնել, որ կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումներն ամենառազմավարական ուղղություններն են, որոնք պիտի զարգացնեն Հայաստանի կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը:
Ասվածում որևէ չափազանցություն չկա, որովհետև ինչպես համոզված եմ, այնպես էլ շարունակում եմ համոզված մնալ, որ մեր հանրային կյանքի որևէ ոլորտում, որևէ խնդրի առնչվելիս և այդ խնդրի ծագումնաբանությունը հայտնաբերելու փորձեր անելուց մենք անպայման տեսնում ենք կրթության ոլորտում ունեցած այս կամ այն խնդիր: Շատ կարևոր է, որ մենք ահա այս և այս կարգի միջոցառումները ոչ միայն օգտագործենք իրար շնորհավորելու, այլև մեր առաջիկա ապագա անելիքները ճշգրտելու, այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ նոր եռանդով տոգորվելու համար»,-նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետ Փաշինյանը ԵՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձևավորման 30-ամյակի առիթով.
«Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետևյալ նպատակը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Ընդհանարապես ինչքանո՞վ է իրատեսական այս խնդրի լուծումը: Սովորաբար ֆուտբոլը մենք պատկերացնում ենք և ֆուտբոլի վրա կենտրոնանում ենք ուղիղ եթերում տեղի ունեցող և հեռարձակվող 90 րոպեների շրջանակներում: Իրականում 90 րոպեներ ուղիղ եթերում` խաղադաշտում գտնվող հաղթանակը չի ստեղծվում, այլ միայն արձանագրվում է հաղթանակը: Շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Եվ թերևս ահա այս երկու ուղղություններով կատարված աշխատանքն է, որ որոշում է ֆուտբոլային ապագան»,-նշել է նա։
Փաշինյանը ողջունել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների բոլոր խաղացողներին և ասել․ «Իմացեք, որ դժվար ժամանակներում մենք միշտ ձեր կողքին ենք: Լավ ժամանակներում շատերը կլինեն ձեր կողքին, բայց դժվար ժամանակներում, իմացեք, որ միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել ինչով կկարողանանք: Հաջորդ կարևոր նրբությունն այն է, բոլորս մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք հաղթում են, այլ երբ որոշակի դժվարություններ ունեն, որովհետև դրանք մեր դժվարություններն են, բոլորիս դժվարություններն են, և այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին»,-նշել է Փաշինյանը։