Մենք մտածում էինք հանրահավաքներին միանալու մասին, բայց որոշեցինք դա չանել։ Նախ՝ մենք չէինք ուզում ասոցացվել ընդդիմության հետ, չէինք ուզում լինել «իրենց» ընդդիմության մի մասը։ Այս մասին «Վերելքի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ավելին, մենք տարակուսանք ենք հայտնում, թե Արցախն ինչու մինչև հիմա չի միացել Հայաստանին և ինչու տասնամյակների ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել»,- ասել է նա։
Անդրադառնալով իրենց հետագա քայլերին՝ նա նշել է, որ ցանկացած կուսակցություն պարտավոր է մասնակցել ՏԻՄ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին։
«Եթե դա տեղի չի ունենում, ապա դա ոչ թե քաղաքական ուժ, այլ դիտորդների թիմ է։ Այո, մենք որոշում ենք կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Դա մեզ համար մարտահրավեր է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն՝ ստուգել ուժերն ու հնարավորությունները։ Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը ես եմ գլխավորելու, և դա ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Այսօրվա դրությամբ ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ պետք է անել Երևանում։ Ես ուսումնասիրում եմ մայրաքաղաքի ներկայիս ղեկավարության ծրագիրը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ռոտենբերգն ազգությամբ հայ չէ, նա արձագանքել է․
«Ես ունեմ հայկական անձնագիր, գրանցված եմ Երևանում։ Ամենակարևորը՝ ես սիրում եմ Հայաստանը»։