«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Մոնակոյի Թագավորություն: Մեր տեղեկություններով, նրան ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Թե ինչ նպատակով է տիկին Հակոբյանը մեկնում Մոնակո, որտեղ հայ համայնք չկա, հայտնի չէ: Նրա գրասենյակն առայժմ որեւէ տեղեկություն չի հրապարակել այս մասին, իսկ Հակոբյանի օգնականը՝ Զվարթ անունով, որը տիկնոջ «սթաֆում» ԶԼՄ-ներին պատասխանող միակ աշխատողն է, սովորաբար չի պատասխանում զանգերին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ նա ներկայանա կոմիտե եւ բացատրություն տա իր կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը այսօր առավոտյան կներկայանա Քննչական կոմիտե:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմը շուրջ 6 ամիս աշխատավարձ չի ստացել։ Այսինքն, ստացվում է՝ այս տարի մարդիկ ընդհանրապես չեն վճարվել:
Աշխատակիցները դիմել են արդարադատության նախարարություն՝ խնդրին լուծում տալու համար։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նրանց հետ հանդիպման է եկել արդարադատության նախարարի օգնական Սերգեյ Սարուխանյանը, սակայն ոչ մի բովանդակային պարզաբանում չի տրվել։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ ՔԿԱԳ Գյումրու կենտրոնի աշխատակիցները նամակ են ուղարկել նախարարություն և կառավարություն։ Այսինքն, և՛ արդարադատության նախարարությունում, և՛ կառավարությունում տեղյակ են խնդրին, սակայն գոնե երեկվա դրությամբ հարցին լուծում տրված չէր»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հասարակության մի ստվար զանգված պահանջում է, որ մյուս պատգամավորներն էլ դնեն մանդատները, քանի որ ԱԺ-ում ընդդիմությունն այլեւս անելիք չունի․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանում չի լուծվելու։ «Հայաստան» դաշինքում, սակայն, հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել, եւ այդտեղ է, որ մանդատները կարող են պետք գալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ սպասելի՞ էր իր համար Վանեցյանի որոշումը, եւ նախապես իրենց տեղյակ պահե՞լ է նա այդ մասին։
Օհանյանն ասաց․ «Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելուց առաջ զանգահարել է ինձ ու դրա մասին տեղեկացրել եւ շնորհակալություն հայտնել մեր համատեղ գործունեության համար, հատկապես Ազգային ժողովում մեր ընդդիմադիր խմբակցությունների համագործակցության, մեր աջակցության համար։ Ինքը նաեւ ասել է, որ չնայած մանդատը դնում է, բայց, այնուամենայնիվ, մեր շարժման մեջ է լինելու»։
Հարցին՝ իսկ «Հայաստան» դաշինքում մանդատները դնելու քննարկում կա՞, եւ ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ հարցին, Օհանյանն ասաց, որ իրենց դաշինքում այդպիսի քննարկում չի եղել»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։