Զոհված զինծառայողների ծնողները, ովքեր այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ, հանդիպել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Զոհված զինծառայողների ծնողներին առաջարկել էին տասը հոգով հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների։
Ծնողները լրագրողներին հայտնեցին, որ որևէ որոշում չկայացվեց իրենց պահանջի մասով։
«Ասացինք՝ պարոն Դավթյան, ձեր պաշտոնավարմանը երկու ամիս է մնացել։ Եթե 4 տարվա անգործությունից հետո մի լուսավոր բան եք ուզում անել՝ ծնողների պահանջը իրականացրեք։ Ի պատասխան՝ ասաց՝ կտենաք, կանենք թե չէ»,-ասաց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ 2 օր ժամանակ են տվել գործը ՔԿ-ից ԱԱԾ տեղափոխելու համար։
Նշենք, որ օրեր առաջ զոհված զինծառայողների հարազատները դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ Հիշեցնենք՝ ապրիլին Փաշինյանը հայտարարեց՝ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին։
Հավելենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, հունիսի 28-ին, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքը։ Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։