Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումն է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը, իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Անկարան հանդես է գալիս Երևանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը:
«Երևանի վրա կիրառվող ճնշումը թույլ չի տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին։ Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության։ Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ասել է Չավուշօղլուն։
«Ինչու կարգավորման բանակցությունների հերթական փուլը չսկսել Թուրքիայում կամ Հայաստանում։ Երևանը դեռ պատրաստ չէ դրան։ Ապագայում հնարավոր են նման հանդիպումներ», – հավելել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան աջակցում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Վիեննայում (մինչ այդ նրանք հանդիպել են երեք անգամ): Կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում երրորդ երկրների քաղաքացիների համար ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավորինս սեղմ ժամկետում սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիափոխադրումների իրականացումը: