Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլիամ Բըրնսի այցը Հայաստան։
«Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում: Այս առումով ԿՀԳ գործընկերը ԱԱԾ-ն չէ, այլ ԱԽՔ-ն է, քանի որ հայ-ադրբեջանական «հաշտեցման» մի գիծը Գրիգորյանն է տանում՝ Հաջիևի հետ (կարծում եմ դրա համար էր ԱԱԾ-ն ասում, որ իրենք այցից տեղակ չեն: Բնականաբար, տեղյակ էին, բայց հասցեատերը իրենք չէին:)»,-գրել է նա Facebook-յան իր էջում։
Սարգսյանը վստահեցրել է, որ այցի օրակարգն ամերիկյան է, հայկական կողմն օրակարգ չուներ։
«Մեր տարածաշրջանում Գործակալության հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: Բայց այս ժամանակահատվածում՝ Ռուսաստանը և Մոսկվային Հարավային Կովկասից հանելը (ինչն այդքան էլ հեշտ չէ), (դրա համար էլ Իրանում կարծես հանգիստ են): Համարվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում խանգարում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորմանը (ի դեպ դրանով էլ կարելի է բացատրել, որ այցի մասին տեղեկությունները հանրայնացվեցին ռուսական ԶԼՄ-ով)»,- նշել է նա։
Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ նաև, թե Բըրնսը որտեղից է եկել Երևան և ուր է ուղևորվել Երևանից:
«ԿՀԳ համար մեր տարածաշրջանում առավել կարևոր պետութուններ են Վրաստանն ու Ադրբեջանը: Ի դեպ, ԿՀԳ նախկին ղեկավար Հասպելը ժամանակին ղեկավարել է Ադրբեջանում տեղակայված ԿՀԳ կայանը:
Նորից ասեմ: Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու: Քի Վեստը, ֆուտբոլային դիվանագիտությունը ձեզ օրինակ»,-նշել է Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ սա ԿՀԳ տնօրենի առաջին հանդիպումը չէ Հայաստանի ղեկավարի հետ: Դեռևս 1994թ. Հայաստանի նախագահն իր Վաշինգտոնի կեցավայրում ընդունել էր ԿՀԳ տնօրենին: «Այդ ժամանակ ԿՀԳ ղեկավարությունը մեզ դիմել էր Մերձավոր Արևելքում իրենց մի շատ կոնկրետ հարցով աջակցելու խնդրանքով»,- հայտնել է նա։