Ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքեյի կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը դիմել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
«Քաղաքացին նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ունենալով տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ, տեսնում է, որ իրականացվում է կանխակալ նախաքննություն, իր դստեր և թոռան մահվան պատճառ հանդիսացած վարորդը մինչև օրս գտնվում է ազատության մեջ: Ըստ դիմումատուի՝ մեղավոր այլ անձանց չեն տրվել պատշաճ քրեաիրավական գնահատականներ, անհարկի ձգձգվում է գործի քննությունը, որով ամեն ինչ արվում է այդ անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Դիմողի համոզմամբ իրավապահ մարմինների և դատարանների այսպիսի անօրինական վարքագիծն ակնհայտորեն պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով։ Մ․Մնացականյանի բարձրացրած հարցերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որի կապակցությամբ տեղեկացա, որ գրությունս հասցեագրվել է Երևան քաղաքի դատախազություն»,- նշել է նա՝ հայտնելով, որ երեկ այս հարցով դիմել է Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Քեթրին Գյորինգ Էքարդին։
Նա հայտնել է, որ դեպքի առիթով Բունդեսթագի 5 պատգամավորներ արդեն նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Հավելենք նաև, որ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել է, ապա՝ ազատ արձակվել։