ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը:
Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ուշադրություն է դարձվել ռուս-հայկական կապերի հետագա ամրապնդմանը և հեռանկարներին՝ այս տարվա ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև 2022թ. մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների շփումների համատեքստում:
2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի համատեքստում հաստատվել է դրանց համապարփակ արդյունավետ կատարման հանձնառությունը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նախագծային մեկնարկի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Երևանի և Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման առումով:
Գոհունակությամբ ընդգծվել է Եվրասիական ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում Մոսկվայի և Երևանի միջև փոխգործակցության բարձր մակարդակը: