ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանն աջակցում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացը։ Այս մասին Վանեցյանը հայտնել է Facebook-յան իր էջում։
«Աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և կոչ եմ անում իմ կուսակիցներն և համախոհներին ևս սատարել նրան և վաղը ժամը 17:00-ին մասնակցել հրավիրված հանրահավաքին»,-նշվում է նրա գրառման մեջ։
Վանեցյանը հիշեցրել է, որ խոստացել է «աջակցել բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ»։
Նշենք, որ օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ղազարյանը հայտարարեց, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երրորդ տարբերակն օգոստոսի 2-ից հետո է ծագել, երբ լրացել է վարչապետի պաշտոնում նրա վերընտրվելու մեկ տարին, և ԱԺ պատգամավորների 1/3-ն իրավունք ունեն անվստահություն հայտնելու նրան։
Այնուհետև, Էդգար Ղազարյանը դիմեց առաջին գումարման Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորներին, ովքեր ողջ են և ՀՀ-ում են, և խնդրեց, որ օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող կառավարության շենքի նիստերի դահլիճում, որտեղ 32 տարի առաջ իրենք ընդունել են մեր պետության հիմնադիր փաստաթուղթը՝ ՀՀ անկախության հռչակագիրը։