ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի օրվա առթիվ։
«Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգևորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ»,- նշել է Սիմոնյանը:
Ուղերձում ասված է, որ հռչակագիրը նաև մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը և կյանքի կոչվեց:
«Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները և Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգև է, ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը և չթուլացող զգոնությունը»,- նշել է ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ մեր տևական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ և բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:
«Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն և մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի զարգացմանը: Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք»,- ասված է ուղերձում: