Ռուս խաղաղապահները դեռ Լաչինի միջանցքում են: Միջանցքը շարունակում է գործել այնպես, ինչպես մեկ ամիս առաջ էր, ռուս խաղաղապահներն անցակետում են: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Քաղաքապետը չի կարող ասել, թե ադրբեջանական ԶԼՄ-ներն ապամոնտաժման ինչ կադրեր են հրապարակում, Ալեքսանյանը վատահեցնում է՝ միջանցքը գործում է, Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ անցանելի է:
«Հնարավոր է՝ մեր տեսադաշտից դուրս ռուս խաղաղապահներն ինչ-որ զորամաս են ունեցել, որն այս պահին անհրաժեշտ չէ, դրա համար են ապամոնտաժում»,- ենթադրում է Բերձորի ղեկավարը:
Բերձորից 160 անձ է հեռացել: Քաղաքապետը դեռ չի մեկնել, այս պահի դրությամբ չի հեռացել մոտ 6-7 մարդ: Նարեկ Ալեքսանյանը նշեց՝ բնակիչները դեռ բնակարանների դիմաց սերտիֆիկատ չեն ստացել:
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել, որում ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Լաչինի միջանցքի անցակետերը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել է Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել էր, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։