«Հրապարակ» թերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում և արձանագրել է մի շարք խախտումներ։ Արդյունքում՝ 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ վարույթներ։ Վարույթների շրջանակում պարզվել է, որ 9 տնտեսվարող սուբյեկտներ արտադրել եւ իրացրել են «աղբյուրի ջուր» եւ (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր՝ այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր», այսինքն՝ չունեն աղբյուրի ծագում եւ (կամ) արտադրության որեւէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։ Այլ կերպ ասած՝ տնտեսվարողները, խաբելով իրենց հաճախորդներին, նրանց վաճառել են ծորակի ջուր, ոչ թե բնական աղբյուրի ջուր։ Հանձնաժողովն էլ այդ 12 տնտեսվարող սուբյեկտից 6-ի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։ Դրանցից մեկը «Սիլ-Մաազա» ընկերությունն է՝ իր «ՍԻԼ» ապրանքանիշով։ Այն, հիշեցնենք, պատկանում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխ, նրա ձեւավորած «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել է տեղեկությունը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են որոշակի պարբերականությամբ Արցախի իշխանությունները հակադրվում ՀՀ իշխանությունների զիջողական գործողություններին և տարբեր նախաձեռնություններին։ Նմանօրինակ վիճակ էր նաև վերջերս՝ կապված Բերձորի միջանցքի հարցի հետ։ Ինչպես արդեն առիթ ունեցել են նշել, հայաստանյան իշխանությունները վերջնականապես «ձեռքերը լվացել» են այս հարցից և բոլոր վեկտորներն ուղղել ռուս խաղաղապահների ուղղությամբ։ Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները Արցախում տեղի իշխանությունների դեմ պայքարի օջախներ են ստեղծում, որոնք տարբեր հաճախականությամբ ակցիաներ են իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի թիմակիցները Արցախում փորձում են նաև հակառուսական տրամադրություններ ձևավորել։ Հատկանշական է, որ Արցախում տիրաժավորվող հակառուսականությունը լայն թափով տարածվում է հատկապես արևմտյան ֆինանսավորում ունեցող հարթակներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզում ՔՊ-ականներն աշխատում են իրար դեմ, սեպտեմբերի 25-ին այստեղ եւս ընտրություններ են սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ․ ՔՊ պաշտոնական թեկնածուն Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 30 տարվա գյուղապետ Նորաին Հակոբյանն է, ով, ի դեպ, նախկինում աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով։ Նրա թեկնածությունը ՔՊ վարչությանն է ներկայացրել գործող մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, սակայն Հակոբյանի՝ իշխող ուժի կողմից առաջադրվելուն դեմ են եղել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։ Արագածոտնի մեր աղբյուրներն ասում են, որ այս զույգը քողարկված աշխատում է ՔՊ-ի դեմ եւ աջակցում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Գոռ Հունանյանին»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։