ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրին նվիրեց 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»։
Պուտինը հայտնել է, որ կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար։ Նա այս մասին հայտնել է Կրեմլում...