Ես չեմ պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ ընտրել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացին միանալու առաջարկին։ Նա նշել է, որ չի միանա իմպիչմենտի գործընթացին։
«Պետք չէ համախմբել մեր շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ։ 2016-իմ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ես ամենևին լավ չէի վերաբերվում Սերժ Սարգսյանին, իմ համախոհների հետ համախմբվել եմ պետականության շուրջ։ Այդ ժամանակ իմ մտքով անգամ չի անցել նրան մեղադրել Ադրբեջանի հարձակման մեջ։ Ու այսօր, տվյալ պայմաններում խաթարել կայունությունը ու փորձել խաթարել երկրի կառավարման համակարգը, ուղղակի անմտություն է»,-ասել է նա
Անդրադառնալով իմպիչմենտի գործընթաց մեկնարկելու առաջարկին՝ նա ընդգծեց․ «Երեկ արտերկրից կառավարվող շրջանակներն ինչ-որ սուտ են տարածել, թե, իբր, վարչապետ նիկոլ Փաշինյանն ինչ-որ թուղթ է ստորագրել և այդ ստի վրա ինչ-որ իրադարձություն են կառուցել։ Ըստ էության, ըդդիմադիրները հետևյալն է առաջարկում՝ ժամանակավորապես չունենալ վարչապետ այն պայմաններում, երբ մենք իրավիճակի վերջնական կայունացում չունենք»։
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու հայտարարություն էր արել։ Սկզբում նա նշել էր, որ Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել էր, որ այս պահին Արցախի հետ կապված որևէ փաստաթուղթ չկա սեղանին։
Հավելենք նաև, որ խորհրդարանական ընդդիմության 35 պատգամավորներ ստորագրել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: