Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության և ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։