Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Այս մասին հայտնում է ԱԺ կայքը՝ վկայակոչելով հայտարարությունը։
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին և հատուկ նշանակության ենթակառուցվածքներին»,- ասված է հայտարարությունում:
Ընդգծվում է, որ Հայաստանի տարածքի բնագծային խախտումները, ռազմական ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և անթույլատրելի են:
«Այդ ագրեսիան խարխլում է հակամարտության խաղաղ, կայուն և համապարփակ լուծման և հարավկովկասյան պետությունների հաշտեցման համար պայմանների ստեղծման առաջնահերթությունը, նրանց անվտանգության ու բարգավաճման համար բացված պատմական հնարավորությունը և նպաստում է ամբողջ տարածաշրջանի և նրա պետությունների ճակատագրերը շահարկելուն»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։