ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Անկախության օրվա առթիվ։
Վարչապետի խոսքով՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին «Այո» ասող եթե ոչ բոլոր քաղաքացիները, գոնե մեծամասնությունը հասկանում էր, որ դա պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, կարգախոսը դառնում է Պատասխանատվություն:
«1991-ի սեպտեմբերի 21-ին «Այո» ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր»,- նշել է վարչապետը:
Նա նշել է, որ ամեն օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր հանրաքվեի մասնակից է, և այդ «Այոն», ըստ անհրաժեշտության, պետք է վերահաստատել 29 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ «Այոն» ամենաշատն անհրաժեշտ կլինի։
Իր շնորհավորանքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Անկախության 31-րդ տարեդարձը նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ:
«Ոչ երեք տասնամյակ առաջ, ոչ էլ այսօր անկախությունը մեր ժողովրդի համար չի եղել ինքնանպատակ կամ զուտ վերացական մի ձևակերպում, որովհետև 31 տարի առաջ այս օրն անցկացվող հանրաքվեն ոչ թե անկախ լինելու կամ չլինելու երկընտրանքի մասին էր, այլ հայ ժողովրդի կայացրած վճռի հաստատագրման նպատակ ուներ: Այդ վճիռն այսօր էլ չի փոխվել՝ անկախ դժվարություններից»,- նշել է նա:
Նախագահն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակը գալիս է ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն ներկայի, վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի: